Թատրոնը սկսվում է, երբ կա հանդիսատես։
Ձևակերպումն իմն է, բայց դա չի նշանակում, թե առանց հանդիսատեսի թատրոն չկա։
Մայրը ինն ամիս կրում է երեխային և այդ երեխան մեծանում է օրեցօր և մեզ տեսանելի դառնում միայն ծնվելուց հետո։
Այդպես էլ թատրոնը և արվեստը ընդհանրապես։
Այն, ինչը մեզ տեսանելի չէ, դեռ չի նշանակում, թե չկա կամ չի կարող լինել։
Թատերագիտական բաժնում սովորելուս տարիներին կարդում էի 19-րդ դարի հայկական մամուլը և իմանում, որ ամբողջ Թիֆլիսի հայ մտավորականությունը գոռում-գոչում է հայ թատրոնի ծանր վիճակի մասին, թե հասեք, փրկեք մահամերձին։
Այն տարիներին հայերը պետություն չունեին և այդ աղմուկը բարձրացնում էին հայ հարուստների և թատրոն եկող մարդկանց ուշադրությունը գրավելու համար։
Մենք միշտ մի ծայրահեղությունից մյուսի մեջ ենք ընկնում ու դրա հիմնական պատճառը մեր անտեղյակությունն է։
Այսօր խոսվում է «ԳՈՅ» թատրոնի միացման մասին Սունդուկյանի պետական ակադեմիական թատրոնի հետ։
Մինչև խոսք ասելը մեր պետական այրերին ու մայրերին, հարց մը կուզեի տալ.
- Մեծարգո պաշտոնյաներ, դուք կարո՞ղ եք մի քանի տարեկան երեխային, որ արդեն իր առանձին կյանքով է ապրում, նորից տեղավորել մայրական արգանդում, որպես ավելի լավ ու ապահով միջավայր նրա համար։
Հարգելիներս, դուք ավարտել եք ԲՈՒՀ, բայց էլեմենտար բաներ չեք սովորել, որովհետև իմաստասիրության փոխարեն փիլիսոփայություն եք անցել, կրոնի փոխարեն` գիտական աթեիզմ կամ եկեղեցու պատմություն ու ձեր ուղեղում մի մեծ խառնաշփոթ է։
Մշակույթ ասվածը պատկերացրեք մի ծառի տեսքով, որ երեք հիմնական ճյուղ ունի ՝ գիտություն, կրոն և արվեստ։
Այս երեք ճյուղերն իրենց հերթին բաժանվում են երկու ճյուղի։ Գիտության մեջ ճշգրիտ և հումանիտար, կրոնում` բազմաստվածություն և միաստվածություն, արվեստում` բեմական և ոչ բեմական։ Այս ճյուղերը իրենց հերթին ունեն նոր ճյուղավորումներ ու դա անվերջ է։
Ապուշ է այն գիտնականը, հոգևորականը և արվեստագետը ով ժխտում է նոր ճյուղավորումների առաջացումը և պայքարում նորի դեմ։ Դա անիմաստ է, քանի որ դա պայքար է բնական աճի դեմ։
Նման տխուր բան պատահեց մեր գրաբար լեզվի հետ, երբ մեր եկեղեցին իր անհեռատեսությամբ սպանեց այդ գեղեցիկ լեզուն։
Այդպես ԽՍՀՄ-ը սպանեց գենետիկան որպես գիտություն, մեր մշակույթի նախարարությունը նույն կերպ վարվեց Կամերային թատրոնի հետ։
Հիմա հերթը հասել է «ԳՈՅ» թատրոնին։
Հետո կասեք, թե ինչու՛ են լքում Հայրենիքը։
Ինչու՞ լքեցին քրմերը և 100 տարի հետո Մաշտոցը որոնեց ու գտավ հայոց գիրը։
Ինչու՞ Հայաստանից գաղթած պավլիկյանները և թոնդրակեցիները շենացրին Եվրոպան, իսկ Հայաստանը դարերով մնաց օտարի լծի տակ։
Մենք ե՞րբ պիտի հասկանանք, որ ազգի և մարդու դեմքը որոշողը հենց մշակույթն է, որ պատերազմները և միլիոնավոր մահերը ռեսուրսների համար չեն, ոսկու և նավթի համար չեն միայն, այլ տեսակի, մարդկային և ազգային տեսակի։
Կամո ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հ.Գ.
Եթե համամիտ եք, տարածեք։